Գյուղացին ու իր որդիները
Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան: Նրանց հավաքեց ու ասաց. «Սիրելի՛ զավակներ, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել»: Հենց որ հայրը մահացավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին:
Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:
Առաջադրանք:
Ինչ է սովորեցնում այս առակը:
Առակը սովորեցնում է, որ աշխատասիրությունն է մարդու ամենամեծ գանձը։
Եզոպոսի «Եղջերուն ու խաղողը» առակը։
Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն և կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, վերջին նետով նշան բռնեց և վիրավորեց եղջերուին: Զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:
Առաջադրանք:
Ի՞նչ հասկացար առակից:
Առակը սովորեցնում է, որ չպետք է երախտամոռ լինել և վնասել նրան, ով քեզ օգնել է։
Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծի պատմությունը»
Որսորդի գնդակից վիրավորված առյուծին է մոտենում փոքրիկ, դանդաղաշարժ կրիան և հարցնում.
– Ի՞նչդ է ցավում:
– Որսորդն է վիրավորել, – պատասխանում է առյուծը:
Կրիան բարկանում է և ասում.
– Թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող մեզ նման հրաշալի արարածներին:
– Կրիա եղբայր, – պատասխանում է առյուծը, – պետք է ասեմ, որ որսորդի հասցրած վերքն ավելի քիչ է ինձ տանջում, քան այն, ինչ հենց նոր ասացիր:
Այդ ասելով՝ առյուծը հոգին ավանդում է: Նույն բանի շուրջ նա մեկ այլ պատմություն էլ էր պատմում կամրջով անցնող փղի ականջը մտած լվի մասին:
– Ընկերս, – ասում է լուն, – երբ մեզ նման հսկաներն անցնում են կամրջի վրայով, այն ցնցվում է մեր հզորությունից:
Առաջադրանք:
Ո՞րն է առակի ասելիքը:
Առակը սովորեցնում է, որ խոսքը կարող է ավելի ցավեցնել, քան վերքը, և պետք չէ մեծամտանալ։
Կոշիկը
Կար-չկար, մի շատախոս կոշիկ կար։ Աջ ու ձախ նա անընդհատ պատմում էր այն ճանապարհների մասին, որտեղով անցնում էր։ Բայց շատախոս լինելուց բացի, նա նաև մի քիչ գլուխգովան էր։ Միայն գեղեցիկ ճանապարհների մասին էր պատմում։ Մի օր էլ քարերը որոշեցին պատժել նրան, քանի որ իրենց մասին նա չէր պատմում երբեք։ Քարքարոտ մի ճանապարհի վրա կոշիկի թաթը սոսնձից պոկվեց։ Բավական չէր, որ շատախոսությունից բերանը հազիվ էր հասցնում փակել, հիմա արդեն դա էլ չէր կարողանում։ Հենց լռում էր, բաց բերանը փոշի ու կեղտ էր լցվում։ Կոշիկը հասկացավ, որ պետք է բերանը փակ պահի ու չխոսի, որ մաքուր մնա։ Նա դադարեց խոսել։ Հիմա միայն անհրաժեշտության դեպքում էր ինչ-որ բան ասում։ Մի քանի օր շատախոս կոշիկը պարապ մնաց, ոչ մի ճանապարհ չգնաց, մինչև նրա տերը որոշեց նրան տանել «բժշկի»՝ կոշկակարի մոտ։Կոշկակարը խնամքով մաքրեց կոշիկը, սոսնձեց այն ու գերազանց վիճակում վերադարձրեց տիրոջը։ Կոշկի տերը ուրախ-ուրախ հագավ իր փայլփլուն կոշիկները և ճանապարհ ընկավ։
Այս անգամ արդեն ամբողջ ճանապարհին կոշիկը միայն քթի տակ ճռճռում էր։ Ու արդեն, երբ տուն հասան, կոշիկը սկսեց պատմել ոչ միայն սիրուն ու մաքուր ճանապարհների, այլ նաև քարքարոտ ու փոշոտ ճամփաների մասին։
Վերլուծիր առակը:
Առակը ցույց է տալիս, որ շատախոսությունն ու գլուխգովանությունը կարող են վնասել մարդուն։ Կոշիկը պատմում էր միայն լավ ճանապարհների մասին և թաքցնում էր վատը, բայց դրա համար «պատժվեց»։
Այդ փորձությունից հետո նա հասկացավ, որ պետք է խոսել չափավոր և լինել անկեղծ։
Առակի միտքն է՝ պետք է չչափազանցել, չգլուխգովել և ընդունել թե՛ լավը, թե՛ վատը՝ լինելով ազնիվ ու զուսպ։
Վատ ընկերը
Երկու ընկեր գնացին անտառ որս անելու, հանկարծ նրանց առաջ մի արջ դուրս եկավ: Ընկերներից մեկը ծառը բարձրացավ, իսկ մյուսը պառկեց գետնին, շունչն իրեն քաշեց, որ արջը կարծի, թե նա մեռած է: Արջը մոտեցավ նրան, հոտոտեց և մեռած կարծելով՝ թողեց, գնաց:
Այդ ժամանակ ընկերը ծառից իջավ ու ծիծաղելով հարցրեց.
-Արջը քո ականջին ի՞նչ ասաց.
-Արջն իմ ականջին ասաց, որ մյուս անգամ քեզ նման ընկերոջ հետ որսի չգնամ, որ վտանգ պատահելիս մենակ չթողնի ու փախչի:
Առաջադրանք:
Ինչի՞ մասին է առակը:
Առակը ընկերության մասին է․ այն ցույց է տալիս, որ վատ ընկերը վտանգի պահին լքում է քեզ, իսկ իսկական ընկերը չի փախչում։
Ի՞նչ է առակը:
Առակը փոքր պատմություն է, որը կենդանիների կամ մարդկանց միջոցով սովորեցնում է կարևոր խրատ (դաս)։
Ուրիշ ի՞նչ առակներ գիտես:
«Աղվեսն ու խաղողը»
«Մրջյունն ու ծիտը»
«Գայլն ու գառը»